Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր հետախուզական քիմիական մեքենաներ է ստացել

14:29 • 03.02.16

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն այս շաբաթվա սկզբին ստացել են չորս միավոր ժամանակակից  հետախուզական քիմիական մեքենաներ (ՀՔՄ-6):

«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկայում այդ ռազմական տեխնիկայի գործարկման և դրա շահագործմանը անձնակազմին նախապատրաստելու միջոցառումներ են անցկացվում:

ՀՔՄ-6 զրահամեքենաներն ստեղծվել են ԲՏՌ-80-ի հիման վրա և հանդերձված են հատուկ սարքավորումներով, որոնք ապահովում են իրադրության ուսումնասիրումը և սպառնալինքների հայտնաբերումը: Դրանք թույլ են տալիս հետևել իրավիճակին և բացահայտել քիմիական կամ կենսաբանական գրոհի նշանները, ինչպես նաև հայտնաբերել ճառագայթային վարակումը:

«Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ տեխնիկան եզակի հնարավորություններով է օժտված քիմիական զենքի կիրառման և տեղանքի ռադիացիոն վարակման պայմաններում հետախուզում իրականացնելիս, արտակարգ իրավիճակների և տեխնածին աղետների հետևանքները վերացնելիս, ինչպես նաև հակառակորդի բարձրճշգրիտ զենքի ուղղորդման համակարգերին հակազդելիս»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր հետախուզական քիմիական մեքենաներ է ստացել