Պետք է փոխել օրենքը՝ ցմահ ազատազրկվածների գործերը վերաբացելու նպատակով. քննարկում

13:34 • 03.02.16

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, «Բրիտանական հորիզոններ» ծրագրի շրջանակներում, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ն հրավիրել էր դատական ճակատագրական սխալների շտկման գործում մեծ ճանապարհ անցած բրիտանացի մասնագետներին՝ մասնակցելու «Դատական սխալների հետևանքներն ու շտկման նոր գործիքները. բրիտանական փորձը» թեմայով հանդիպմանը:

 

Նրանք հանդիպումներ են ունեցել և ունենալու պետական համապատասխան կառույցներում, Արդարադատության նախարարությունում, Քննչական կոմիտեում, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, Փորձաքննությունների ազգային բյուրոյում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում:

 

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մուրզն անդրադարձավ ցմահ ազատազրկման դատապարտված և տասնմեկ տարի անց արդարացված և ազատ արձակված Մայքլ Օբրայենի փորձին և նշեց, որ շատերն են ոգեշնչվել նրա կենսափորձով:



«Նա անհավանական ուղի է անցել և զոհի զգացողություն չունի, նա վերապրող է»,-ասաց նա:
 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան Հայաստանում ամենակարևորը համարեց օրենսդրական փոփոխությունների հարցը, որպեսզի գործերը վերաբացվելու հնարավորություն տրվի:


«Մեր հիմնական պատգամն այն է, որ եկեք փոխենք օրենսդրությունը, որ գործերը սկսենք վերաբացել»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ հիմա կենտրոնացել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահասների ուղղությամբ և մասնագիտական վերապատրաստում են անցկացնելու, որպեսզի նրանք ազատվելուց հետո իմանան համակարգչային տարրական գիտելիքներ, ունենան աշխատանք փնտրելու հնարավորություններ:

 

«Անմեղության հայկական ծրագիր»ՀԿ համահիմնադիր Զարուհի Մուրադյանը կարևորեց, որ քրեական դատավարության նոր նախագծում նոր դրույթ է ի հայտ եկել, ըստ որի՝ իրեղեն ապացույցներն այսուհետ չեն ոչնչացվի:

 

«Սա ապագային ուղղված մեծ քայլ եմ համարում»,-ասաց նա:

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ ցմահ դատապարտվածների հարցի նկատմամբ հասարակության վերաբերմունքը մի փոքր փոփոխություն է կրել:


«Մեզ մոտ չի գործում վաղաժամկետ ազատման համակարգը, մեզ մոտ օրենքով այդ հույսը կա, սակայն այդ ինստիտուտն ըստ էության չի գործում»,-ասաց նա: Նա նշեց, որ բոլորն էլ սխալական են, այդ թվում՝ դատավորները, և որևէ մեկը չի կրող ասել, թե ինքը երբեք հանցագործություն չի գործի:
 

Պետք է փոխել օրենքը՝ ցմահ ազատազրկվածների գործերը վերաբացելու նպատակով. քննարկում