Գերմանիայում ցանկանում են սահմանափակում մտցնել կանխիկ վճարումների համար
Գերմանիայի դաշնային կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել կանխիկ գումարով ֆինանսական հաշվարկների համար, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 5000 եվրոյի նշաձող սահմանել։ Որպես պատճառ է նշվում միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, այդ թվում՝ արևմտյան երկրներից ջիհադականների համախոհների կողմից «Իսլամական պետության» ֆինանսավորումը:
«2015 թվականի նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններից հետո աշխարհն այլ է դարձել», ասված է Ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող նորարարությունների հիմնավորման մեջ։
Եվրոպայի այլ երկրներում արդեն վաղուց գոյություն ունեն կանխիկ ֆինանսական վճարումների դեպքում սահմանափակումներ, բայց ընդհանուր օրենքներ մինչ այժմ դեռ գոյություն չունեն։
Ֆինանսների դաշնային նախարարությունը պահանջում է ողջ Եվրոպայում միասնական դիրքորոշում մշակել այդ հարցի շուրջ, բայց պատրաստ է սահմանափակումը մտցնել նաև միայնակ։
Նախարարության պլաններն արդեն քննադատության են արժանացել առևտրի ներկայացուցիչների կողմից, մասնավորապես՝ օգտագործված մեքենաների, կահույքի, շքեղության իրերի և ոսկերիչների կողմից: Դեմ են հանդես եկել նաև իրավապաշտպանները։










