Կարևոր է դնել Հայաստանի ու Ադրբեջանի հետագա համագործակցության հիմքը. Ուորլիք
Կարևոր է դնել Հայաստանի ու Ադրբեջանի հետագա համագործակցության հիմքը. այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ի ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով բոսնինացի պատգամավոր միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ զեկույցը։
Նրա խոսքով՝ հետագա համագործակցության ոլորտներից մեկն էլ կարող են լինել ջրային ռեսուրսները։ «Մենք հույս ունենք, որ փորձառու տեխնիկական փորձագետները կարող են քննարկել այդ և այլ հարցեր, որոնք բխում են ողջ տարածաշրջանի շահերից»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել էր կառույցի պատգամավոր (Բոսնիա և Հերցոգովինա) Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը։
Հիշեցնենք նաև, որ անդրադառնալով սույն զեկույցին ՀՀ փոխարտգործ նախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ «ԵԽԽՎ-ի Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցնում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»։










