Ջուլիան Ասանժը կլքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը` միայն մի դեպքում
Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով ավելի քան 3 տարի գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ասել է այն նախապայմանը, որի դեպքում կլքի դեսպանատունն ու կհանձնվի իրավապահ մարմիններին։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ասանժն ասել է, որ թույլ կտա բրիտանացի ոստիկաններին ձերբակալել իրեն, եթե ՄԱԿ-ի` ապօրինի ազատազրկման հարցերով զբաղվող աշխատանքային խումբը չբավարարի իր կողմից ավելի վաղ ներկայացված հայցը:
«Եթե վաղը ՄԱԿ-ը հրապարակի դատավճիռն ու պարզ դառնա, որ ես պարտվել եմ Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի դեմ ներկայացված հայցում, ուրեմն հենց նույն օրը` կեսօրին, դուրս կգամ դեսպանատնից ու կհանձնվեմ ոստիկաններին: Սակայն հայցի բավարարման դեպքում ես կպահանջեմ անձնագրիս վերադարձն ու իմ նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում»,-Twitter-ով հայտնել է նա:
Պարբերականը հիշեցնում է, որ Ասանժը բնակվում է Էկվադորի դեսպանատանը 2012թ. հունիսից: Շվեդիայի իշխանությունները նրան կասկածում են սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու համար, իսկ ԱՄՆ-ում նրան պետական գաղտնիքների հրապարակման համար ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սպառնում։ Այդ պատճառով Ասանժը դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն ու ապաստան ստացել այնտեղ։










