Ավստրալիայի եկեղեցիները հայտարարել են փախստականներին ապաստան տալու պատրաստակամության մասին
Ավստրալիայի եկեղեցիները հայտարարել են իրենց շինություններն այն ներգաղթյալներին տրամադրելու պատրաստակամության մասին, որոնց դեպի Նաուրու կղզու փախստականների ճամբար արտաքսում է սպառնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավստրալիայի գերագույն դատարանը չորեքշաբթի հավանության էր արժանացրել երկիր ժամանած ապօրինի ներգաղթյալներին հարևան կղզի- պետությունների հատուկ ճամբարներում պահելու կառավարության քաղաքականությունը։
Դատարանի որոշումն իշխանություններին իրավունք է տալիս ավելի քան 250 մարդու, այդ թվում՝ 37 երեխայի, արտաքսել Նաուրու կղզու փախստականների ճամբար։
Բրիսբենում անգլիկան եկեղեցու ավագ քահանա Պիտեր Քեթը հայտարարել է, որ արտաքսման դեպքում ներգաղթյալները կարող են ենթարկվել բռնության և ստորացման։
«Եկեղեցիները միշտ իրենց սրբավայրերը տրամադրել են նրանց, ովքեր փրկություն են փնտրում կոպիտ և բռնապետական ուժերից»,- հայտարարել է նա:
Դեռ տասը եկեղեցի է հայտարարել փախստականներին ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին:










