Ժնևում բանակցությունների տապալման համար մեղավոր են Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցները. Ֆաբիուս
Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների տապալման պատասխանատվությունը կրում են սիրիական կառավարությունն ու նրա դաշնակիցները, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Մենք քննարկում ենք Ռուսաստանի աջակցությամբ սիրիական ռեժիմի գրոհը, որի նպատակն է շրջափակել ու խեղդել Հալեպն ու նրա հարյուր հազարավոր բնակիչներին։ Ես Ֆրանսիայի կողմից լիակատար աջակցություն եմ հայտնում ՄԱԿ-ի հատուկ բանագնացի որոշմանը՝ դադարեցնել բանակցությունները, որոնց մեջ ներդրում ունենալ չեն ցանկանում ո՛չ Բաշար ալ-Ասադի ռեժիմը, ո՛չ նրանք, ովքեր աջակցում են ռեժիմին»,-ասել է Ֆաբիուսը։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան սիրիական իշխանություններից ու նրա դաշնակիցներից պահանջում է լիովին հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին՝ անկանոն ռմբակոծությունները, շրջափակումը դադարեցնելու ու բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու մասով։
Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը նշել է, թե առաջիկա օրերին պլանավորված հանդիպումները՝ մասնավորապես Լոնդոնում դոնորների համաժողովը, որին կմասնակցի ինքը, Փարիզին թույլ կտա խորացնել քննարկումները գործընկերների հետ՝ հետագա գործողությունների վերաբերյալ։










