ԻՊ-ը լուրջ մարտահրավեր է նետել մարդկությանը. ՌԴ ԱԳՆ

12:01 • 04.02.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լուրջ մարտահրավեր է նետել մարդկությանը, յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա ահաբեկիչներին ոչնչացնելու հարցում։ Այդ մասին իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հարցազրույցից մի հատված փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

 

«Վերջին ժամանակաշրջանի իրադարձությունները, ներառյալ` ռուսական օդանավի, Ֆրանսիայում, Իրաքում, Թուրքիայում, Լիբանանում, Եգիպտոսում խաղաղ բնակիչների հանդեպ իրականացված ահաբեկչությունները, հաստատում են, որ ԻՊ-ը լուրջ մարտահրավեր է նետել մարդկությանը»,- նշել է նախարարը:

 

Նրա խոսքով` այդ համընդհանուր սպառնալիքին արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ են միջազգային հանրության համերաշխ գործողությունները` «միջազգային իրավունքի հիման վրա»։

 

«Յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն անի ահաբեկիչներին ոչնչացնելու գործում, հաստատի իր համերաշխությունը կոնկրետ գործողություններով»,- նշել է Լավրովը:

 

Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել միասնական հակաահաբեկչական ճակատի ձևավորման նախաձեռնությունը` ՄԱԿ-ի հովանու ներքո։
 

ԻՊ-ը լուրջ մարտահրավեր է նետել մարդկությանը. ՌԴ ԱԳՆ