Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկն իր աջակցությունն է հայտնել հետաքննության տակ հայտնված դասախոսներին
Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը հայտարարել է, որ դասախոսների նկատմամբ վերջին հետաքննությունները և ձերբակալությունները, ովքեր խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով վերջ տալ երկրի հարավ-արևելքում անվտանգության գործողություններին, չեն սազում Թուրքիային և կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, գրում է Hurriyet Daily News-ը:
«Նրանց ձեռքերը ոլորելը, նրանց դավաճան անվանելը և հատուցում խոստանալը չի սազում Թուրքիային»,- ասել է Փամուկը փետրվարի 2-ին CNN Türk–ի եթերում հեռարձակված հաղորդման ժամանակ՝ հավելելով, որ ոչ մեկ չի շահի այդ միջադեպերից:
Փամուկը խնդրագիրը «թերի» է անվանել, բայց նշել է, որ դրա ընդհանուր փիլիսոփայությունը «խաղաղությունն» է եղել:
Թուրքիայում համալսարանները և դատախազությունները հետաքննություններ են սկսել 1128 տեղացի և միջազգային գիտնականների և մտավորականների դեմ, ովքեր ստորագրել են «Մենք մաս չենք կազմի այս հանցագործության» վերնագրով խնդրագիրը՝ պնդելով, որ խնդրագիրն անցել է ակադեմիական ազատության սահմանները:
Հետաքննությունները և ձերբակալությունները սկսվել են նրանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է խնդրագիրը ստորագրողներին՝ նշելով, որ մարդու իրավունքների խախտումները հարավ-արևելքում իրականացնում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները, այլ ոչ Թուրքիայի պետությունը:










