Հրադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմի ստեղծումը կարևորագույն քայլ կլինի ԼՂ բանակցային գործընթացում. Շտայնմայեր

13:22 • 04.02.16

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեղինակավոր The Huffington Post-ում հրապարակել է հոդված «Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» խորագրով, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շտայնմայերը նշել է, որ մերձդնեստրյան և Լեռնային Ղարաբաղի նման սառեցված հակամարտությունները շարունակում են այդ շրջաններում բնակվող մարդկանց համար մեծ դժվարություններ հարուցել:

 

«Մենք ցանկանում ենք կայունացնել հրադադարի ռեժիմը, կառուցել վստահություն, անել փոքր, բայց իրական քայլեր մարդկանց ամենօրյա կյանքը բարելավելու նպատակով, ինչպես, օրինակ, մեծացնել տնտեսական շրջանառությունը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են դարձել: Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման օգտին: Կարևորագույն քայլ կլինի այնպիսի մեխանիզմի ստեղծումը, որը կքննի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը, ում կարծիքով այժմ աշխարհն առերեսվում է Սառը պատերազմից հետո Եվրոպայի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգի հետ:

 

Հրադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմի ստեղծումը կարևորագույն քայլ կլինի ԼՂ բանակցային գործընթացում. Շտայնմայեր