Սիրիայի հարցով բանակցությունները կարող են վերսկսվել մինչ փետրվարի 25-ը. ՄԱԿ-ի բանագնաց

10:29 • 04.02.16

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հույս ունի, որ միջսիրիական բանակցությունները կվերսկսվեն մինչ փետրվարի 25-ը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


«Բանակցությունները պետք է վերսկսվեն փետրվարի 25-ից ոչ ուշ, և, եթե հնարավոր է՝ ավելի շուտ»,-ասված է հատուկ բանագնացի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

 

Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմության միջև բանակցություններն սկսվել էին հունվարի 29-ին։ Դրանք անցկացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևին համապատասխան։

 

Ակնկալվում է, որ բանակցությունները կտևեն 6 ամիս։ Երեկ դե Միստուրան հայտարարել էր, թե Ժնևում միջսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է գրանցվել։ Նոր փուլը նախատեսված է փետրվարի 25-ին։

 

Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն արդեն հեռացել է Ժնևից։ Պաշտոնական Դամասկոսն ընդդիմությանը մեղադրում է բանակցությունները տապալելու փորձի համար։ Ընդդիմությունն ու նրա աջակից պետություններն էլ փոխադարձաբար մեղադրում են Դամասկոսին և նրա դաշնակիցներին։
 

Սիրիայի հարցով բանակցությունները կարող են վերսկսվել մինչ փետրվարի 25-ը. ՄԱԿ-ի բանագնաց