Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է՝ ինչու է մերժել ռուսական ինքնաթիռի դիտորդական թռիչքը

13:26 • 04.02.16

Թուրքիայի արտգործնախարարությունը բացատրել է, թե ինչու է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում մերժել ռուսական ինքնաթիռի դիտորդական թռիչքը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Դիտորդական թռիչքներ իրականացվում են, երբ կողմերը համաձայնության են գալիս թռիչքի նախագծի վերաբերյալ։ 2016 թվականի փետրվարի 2-5-ին ՌԴ կողմից դիտորդական թռիչք իրականացնելու մասին դիմումի հարցում կողմերը չեն կարողացել համաձայնեցնել թռիչքի երթուղին, և այն տեղի չի ունեցել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։

 

Ավելի վաղ ռուս զինվորականները հայտարարել էին, թե թռիչքը չի կայացել «Թուրքիայի կողմից պայմանագրի պահանջների խախտումների ու ոչ կառուցողական գործողությունների հետևանքով»։

 

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան մերժել է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում հետախուզական թռիչքի իրականացումը:

 

Ինչպես հայտնում է BBC-ն` պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ թուրքական կողմը թույլ չի տվել թռիչքի իրականացումը, քանի որ թռիչքի երթուղին անցնում էր սահմանամերձ տարածքով։

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է՝ ինչու է մերժել ռուսական ինքնաթիռի դիտորդական թռիչքը