Բահրեյնը Սիրիայում ցամաքային գործողությանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել
Սաուդյան Արաբիայից հետո այժմ էլ Բահրեյնն է պատրաստակամություն հայտնել մասնակցել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հնարավոր ցամաքային գործողությանը, հայտնում է Reuters գործակալությունը։
Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայում երկրի դեսպան Շեյխ Ֆավազ ալ-Խալիֆան։ Նա ընդգծել է, որ Բահրեյնը պատրաստ է գործել սաուդացիների հետ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակում։
Նրա խոսքով՝ Սիրիայում ցամաքային գործողությանը պատրաստ է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։
Ավելի վաղ բրիտանական The Guardian թերթը, հղում անելով Սաուդյան Արաբիայի թագավորության աղբյուրներին, հայտնել էր, որ Էր Ռիադը կարող է Սիրիա ուղարկել մի քանի հազար զինվորական, ընդ որում` գործողությունը կարող է անցկացվել Թուրքիայի հետ համաձայնեցված:










