Ադրբեջանին թվում է, որ պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել Եռանախագահներին. Է.Նալբանդյան

12:33 • 09.02.16



Բաքուն բազմիցս օգտագործել է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ՝ ուղղված Մինսկի խմբի Եռանախագահներին: Այս մասին այսօր Շվեդիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ծաղրում Մինսկի խմբին, հայտարարում, որ նրանց հետ այլևս չի հանդիպի՝ չտեսնելով այդ հանդիպումների իմաստը:


Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ Բաքվի կողմից արվող նմանատիպ հայտարարությունները եզակի չեն: «Դա արվում է ոչ միայն Եռանախագահներին, այլ բոլոր նրանց, ովքեր հանդգնում են հակասող կարծիք հայտնել Ադրբեջանի դիրքորոշմանը: Մեկ ասում են, որ տուրիստներ են (նկատի ունի Մինսկի խումբը.Tert.am), մեկ ասում են՝ իսլամաֆոբ են, ասում են, թե ԱՄՆ-ն ծննդավայրն է կոռուպցիայի և այլն, այս ցանկը կարող ենք շարունակել: Իրենց թվում է, որ այդպիսի պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել Եռանախագահներին, այլոց ու ինչ-որ բան կորզել: Զարմանալի է, որ նրանք դրանից դասեր չեն քաղում, որովհետև հակառակ էֆեկտ է տալիս: Միջազգային հանրության կարծիքն այդ կեցվածքի վերաբերյալ տարեցտարի հասցեական, ակնհայտ է դառնում»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե Հայաստանը ցանկանում է պահպանել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն, ապա, նախարար Նալբանդյանի խոսքով, Հայաստանը, ինչպես Եռանախագահները, շահագրգիռ են ստատուս քվոյի փոփոխման:


Պատասխանատուն, որ այդ ստատուս քվոն շարունակվում է, Նալբանդյանի հավաստմամբ, Ադրբեջանն է: «Ստատուս քվոն կարելի է փոխել բանակցությունների, պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով: Իսկ ո՞վ է սրում իրավիճակը՝ Ադրբեջանը, ով չի արձագանքում Եռանախագահների կոչերին, որ պետք է վերահաստատել հանձնառությունները բանակցային խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ո՞վ է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:


Ադրբեջանը հորինել է, որ եթե ստեղծվի այդ մեխանիմզը, ապա այն կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը: Ճիշտ հակառակը: Դա կլինի կանխարգելիչ մեխանիմզ, որը թույլ կտա ապահովել ավելի բարենպաստ պայմաններ բանակցությունների շարունակության համար ու բանակցությունների միջոցով գալ պայմանավորվածությունների ուղղված հիմնախնդրի կարգավորմանը: Հուսով ենք, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքն իրենց որևէ առավելություն չի տալիս, իսկ մենք շարունակելու ենք մեր ջանքերն՝ ուղղված խաղաղ կարգավորմանը: Բանակցություններին այլընտրանք չկա»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Ադրբեջանին թվում է, որ պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել Եռանախագահներին. Է.Նալբանդյան