ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Շվեդիայի արտգործնախարար

12:13 • 09.02.16

Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին, Արևելյան գործընկերությանն ու ամբողջ տարածաշրջանին: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը: 


Վերջինս նշեց, որ ինքը Հայաստանում առաջին անգամ է, շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության համար, ապա ասաց, որ այցը Երևան վկայում է հենց այն մասին, որ իրենք պատրաստ են սատարել Հայաստանին՝ Արևելյան գործընկերության հետ համագործակցելու հարցում:

«Գնահատում եմ այս առիթը՝ ավելի շատ բան սովորելու համար: Կան ընդհանրություններ, որ մենք ունենք, մենք բարելավելու ենք մեր դիվանագիտական շփումները, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ապագա համագործակցության համար՝ դա կլինի առևտրային, թե կոմերցիոն հնարավորությունների տեսքով»,- նշեց Մարգոտ Վալստրյոմը:


Շվեդիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն այսօր ստորագրեցին համաձայնագիր, որը, տիկին Վալստրյոմի խոսքով, հնարավորություն կտա երկու պետություններին ազատել կրկնակի հարկումից։ «Սա նշանակալի քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, որը կհանգեցնի ավելի կուռ կապերի, ավելի հեշտ կդարձնի շվեդացիների աշխատանքը Հայաստանում և հակառակը: Սրանք են այն գործնական քայլերը, որոնք տարվում են»,- մանրամասնեց Շվեդիայի ԱԳ նախարարը:


Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, Մարգոտ Վալստրյոմի փոխանցմամբ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: «Այս այցելությունը մեզ առիթ ընձեռեց ավելի լավ ընկալելու ու հասկանալու՝ ինչպես է ձեր կողմից ընկալվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որոնք ենք ձեր ցանկությունները: ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել՝ այս թնջուկը խաղաղ լուծելու համար»,- շեշտեց նա:


Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթին, ապա նախարարն ասաց, թե իրենք սատարում են բավական հավակնոտ համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը կարող է պիտանի հարթակ դառնալ կողմերի համար:


«Մենք պատկանում ենք այն պետությունների խմբին, որոնք ճնշում են գործադրել, որ Արևելյան գործընկերությունը շարունակվի, զբաղեցնի ԵՄ վերին տեղերը: Վստահաբար, արդյունքների կհասնենք: Այսուհետ մենք անհատականացված մոտեցումներ կտեսնենք առանձին երկրների հետ, կմտնենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով հարաբերությունների մեջ: Սա նշանակում է, որ պատասխանատվություն ենք զգալու մեզ հետ փոխգործակցող պետությունների հետ»,- ընդգծեց Շվեդիայի ԱԳ նախարարը:

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Շվեդիայի արտգործնախարար