Հռոմի պապի խոսքերն «անպտուղ» Եվրոպայի մասին զայրացրել են Մերկելին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բացահայտել է, որ 2014թ. Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթից հետո հեռախոսազանգ է ստացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից։ Հեռախոսազանգի պատճառն այն է եղել, որ պոնտիֆիկոսն իր խոսքում Եվրոպան համեմատել է «անպտուղ կնոջ» հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ֆրանցիսկոսի պատմելով` Գերմանիայի առաջնորդն անչափ զայրացած է իրեն զանգահարել:
«Նրան բարկացրել էր այն փաստը, որ ես Եվրոպան համեմատել եմ սերունդը շարունակելուն անընդունակ կնոջ հետ։ Կանցլերը փորձեց հետաքրքրվել, թե արդյո՞ք ես իրականում կարծում եմ, որ Եվրոպան այլևս ի վիճակի չէ սերունդ տալ: Ես պատասխանեցի, որ իհարկե, կարող է, քանի որ Եվրոպան ունի շատ ամուր ու խոր արմատներ և որ ամենաճգնաժամային իրավիճակներում այն բացահայտել է նոր ռեսուրսներ»,- իտալական Corriere della Sera պարբերականի հետ զրույցում պատմել է կաթոլիկների հովվապետը:
Այնուհետև պոնտիֆիկոսն ասել է, որ Ռուսաստանը կարող է մեծ դեր ունենալ աշխարհում խաղաղության վերահաստատման գործում։
«Ռուսաստանն աշխարհին տալու շատ բան ունի»,- շարունակել է Պապը` մանրամասնելով, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ Վատիկանի ու Մոսկվայի կարծիքները շատ հաճախ համընկնում են։










