ԱԺ-ն ստացել է ՄԻՊ պաշտոնի համար 3 թեկնածուի դիմում

18:37 • 09.02.16

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել:


«Արմենպրես»-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից տեղեկացրին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

 

Արման Թաթոյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Նրա հիմնական ձեռքբերումներն են. ՀՀ քրեական օրենսդրության շրջանակներում խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում նախատեսվել է առանձին հանցակազմ մասնավոր սուբյեկտների միջև ուժեղ հոգեկան կամ ֆիզիկական տառապանք պատճառելու համար: Խոշտանգումը դարձել է հանրային հետապնդման գործ: Հստակեցվել է քրեական պատասխանատվությունը քրեական հետապնդման մարմինների կողմից բռնության դրսևորման դեպքերի համար քրեական պատասխանատվությունը: Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համակարգի ներդրում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Զգալիորեն ընդլայնված է իրավունքների ցանկը, նախատեսված է հնարավորություն ստանալու հատուցում՝ չսահմանափակված որևէ չափով:

 

Ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական առավել արդյունավետ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իրավական մեխանիզմի կատարելագործում՝ օրենքում և կառավարության մի շարք որոշումների կատարված փոփոխությունների արդյունքում: Մասնավորապես նախատեսվել է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին պաշտպանների հետ տեսակցության, քրեական գործի հետ չկապված հարցերով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն: Երաշխիքներ են սահմանվել պաշտպանությունը ստանձնելու նպատակով այցելության եկած փաստաբանների համար:


Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ: Նախագիծը վերջնական քննարկվել է ԱԺ հանձնաժողովում: Նախագծում նախատեսված են որակապես նոր լուծումներ՝ ուղղված քրեական դատավարությունում կալանավորման նվազեցմանը, պաշտպանության կողմի հնարավորությունների ընդլայնմանը, դատական վերահսկողության սահմանների ընդլայնմանը, փաստացի ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների նվազագույն ծավալի սահմանմանը և այլն:

 

Քրեական նոր օրենսգրքի նախագիծ: Կառավարության որոշմամբ նախագծի հայեցակարգի հաստատումից հետո մշակվել է քրեական նոր օրենսգրքի նախագծի տեքստը, որն արդեն շրջանառությունից հետո գտնվում է ամփոփման փուլում: Քննարկման փուլում է գտնվում ՀԿ-ներից օրերս ստացած հատուկ առաջարկների փաթեթը: Նախագծում նախատեսված են որակապես նոր մեխանիզմներ, որոնք ուղղված են ազատազրկումը բացառիկ պատժատեսակ դարձնելուն և ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների խթանմանը:

 

Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է: 1994թ. ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:


1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:


Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում:  1993-1996թթ. աշխատել է  Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական  ծառայություն» ՍՊԸ-ում`  փաստաբան:

 

2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ,  մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» և «Երկիր Մեդիա»  հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

 

Նարեկ Ալոյանը «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ է, ինչպես նաև կուսակցության իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ:

 

ՄԻՊ-ի  պաշտոնի թեկնածուի համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիմելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:


 

 

ԱԺ-ն ստացել է ՄԻՊ պաշտոնի համար 3 թեկնածուի դիմում