ՀՀ 18 բուհերի 39 ուսանողներ անվանական կրթաթոշակների են արժանացել

12:17 • 10.02.16

Հանրապետության 18 բուհերի 39 ուսանողներ անվանական կրթաթոշակների են արժանացել լավագույն առաջադիմության համար: Կրթաթոշակներն այսօր հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

«Այս մրցույթը տարբեր ձևերով իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Ամեն մի բուհ իր չափանիշներով է ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսամն գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Արմեն Աշոտյանը:

 

Նախարարի խոսքով` այս տարվա արդյունքները ցույց են տալու երկրին, հասարակությանը, թե ովքեր են այսօրվա հերոսները:

 

«Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետևողական, նաև խիզախ և համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգևորող լինի հայ երիտասարդության համար»,-շեշտել է նա:
 

Մրցանակները հանձնելիս նախարարը շնորհավորել է ուսանողներին և մաղթել նոր հաջողություններ:

2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ:
 

Նախարարը կատակեց` կրթաթոշակները պետք է օգտագործել ոչ միայն կրթական նպատակներով: «Հուսամ, մի փոքր մասնաբաժին կհանեք` ընկերների հետ նշելու ձեր հաջողությունը: Փորձեցեք համադրել, կարծում եմ, կհերիքի»,-ընդգծել Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ նմանատիպ մրցույթները գիտելիքի քարոզչության նպատակ ունեն:

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անուշ Բեժանյանը կրթաթոշակի է արժանացել հումանիտար գիտությունների ոլորտում:

 

«Համալսարանում նախապես եղել է մրցանակաբաշխություն, ընտրվել եմ լավագույն ուսանող, այնուհետև փաստաթղթերն ուղարկել եմ հանրապետական մրցույթին: Ի զարմանս և հուրախություն ինձ` դարձել եմ լավագույնը: Չէի ակնկալում»,-ասել է նա:

 

Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթն իրականացվում է 2013-ից: Մրցույթի բուն նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում:

 

Մրցույթն իրականացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝ ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ, հայագիտություն: Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը:
 

ՀՀ 18 բուհերի 39 ուսանողներ անվանական կրթաթոշակների են արժանացել