Տաջիկստանում հանրաքվե կանցկացվի Ռահմոնի անժամկետ նախագահության հարցով
Տաջիկստանում մայիսի 22-ին հանրաքվե կանցկացվի Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցով, որոնք իրավունք են տալիս Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին պետության ղեկավարի պաշտոնին առաջադրվել անսահմանափակ քանակով։ Այդ որոշումը միաձայն ընդունվել է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 10-ին, Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կողմից, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունները թույլ կտան 2020 թվականին նախագահի պաշտոնին առաջադրվել նաև Ռահմոնի որդուն՝ Ռուստամ Էմոմալիին: Դա հնարավոր կդառնա նախագահի պաշտոնի թեկնածուների համար տարիքային սահմանափակումը 35-ից 30-ի նվազեցնելու շնորհիվ։
Խորհրդարանականները նշանակել են հանրաքվեի անցկացման ամսաթիվը, երբ նրանց կողմից առաջարկված մայր օրենքում փոփոխությունները հավանության է արժանացրել Սահմանադրական դատարանը։
Տաջիկստանի նախագահի պաշտոնին գտնվելու ժամկետների սահմանափակումներին վերաբերող փոփոխություններից մեկում մասնավորապես ասվում է. «Սահմանափակումները չեն տարածվում Ազգային միասնության հիմնադրի՝ Ազգի առաջնորդի վրա»։










