Խոդորկովսկին արձագանքել է Ինտերպոլի միջոցով հետախուզման մասին տեղեկությանը
«ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին չի պատրաստվում սահմանափակել իր տեղաշարժը՝ Ինտերպոլի ռուսական բյուրոյի կողմից իր նկատմամբ հայտարարված հետախուզման պատճառով: Այդ մասին interfax.ru գործակալությանը պատմել է նրա մամուլի քարտուղար Կյուլե Պիսպանենը:
«Ինչպես Միխայիլ Բորիսովիչը ուշադրություն չէր դարձնում դրա վրա, այնպես էլ շարունակելու է»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ Ինտերպոլի կենտրոնական բյուրոն կհրաժարվի Խոդորկովսկու նկատմամբ հետախուզում հայտարարել։
Ինտերպոլում գործակալության աղբյուրը նշել է, որ սովորաբար կենտրոնական բյուրոն ավտոմատ կերպով ձերբակալության օրդեր է տրամադրում ազգային բյուրոներից ստացված փաստաթղթերի հիման վրա:
«Բայց առանձին դեպքերում, երբ համապատասխան դիմում է ստացվում հետախուզում հայտարարված անձի փաստաբաններից կամ Ինտերպոլի սեփական նախաձեռնությամբ՝ քրեական հետապնդման քաղաքական բնույթի մասին տեղեկատվության առկայության հիման վրա, հետախուզվողների ցանկում ներառման մասին հարցը դրվում է անկախ հանձնաժողովի քննարկմանը»,- ասել է աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը կարծում է, որ Խոդորկովսկու դեպքում վերջնական որոշումը կկայացնի հենց այդ հանձնաժողովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ինտերպոլի ռուսական բյուրոն կենտրոնական բյուրո է ուղարկել Խոդորկովսկու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթերը: Նրան հեռակա կարգով մեղադրում են Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանությունը կազմակերպելու համար։










