Սաակաշվիլին Ավակովի արարքն «անբարո» է անվանել

11:48 • 11.02.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անընդունելի է համարել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի արձագանքը, ով պաշտպանել է 17-ամյա կիևցի երիտասարդին սպանած ոստիկաններին։ Այդ մասին Վրաստանի նախկին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում։



«Բացարձակապես անընդունելի է ներքին գործերի նախարարի արձագանքը տղայի մահվանը, ով մեքենայի ուղևոր էր, որին հետապնդում էր ոստիկանությունը: Արդարացնել ամենը հարուստների դեմ պայքարով և չգտնել կարեկցանքի խոսքեր` անբարո է և վայրի։ Լավ է, որ թեկուզ ուշացած, սակայն Դեկանոիձեն (Ուկրաինայի ազգային ոստիկանության պետը- Խմբ.) ցավակցություն է հայտնել և հեռացրել ոստիկաններին»,- գրել է Սաակաշվիլին։



Նա հավելել է, որ ուկրաինական նոր ոստիկանության հեղինակության համար շատ կարևոր է միջադեպի լուրջ հետաքննություն անցկացնելը։



Փետրվարի 10-ին Արսեն Ավակովն արդարացված էր անվանել ոստիկանության գործողությունները Կիևում BMW մեքենայի հետապնդման ժամանակ։

«Ես կարծում եմ, որ այստեղ համապատասխան ուժ է կիրառվել»,- հայտարարել է ՆԳՆ ղեկավարը:

Սաակաշվիլին Ավակովի արարքն «անբարո» է անվանել