Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 55-ի
Թայվանի հարավային հատվածում շաբաթ օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է` հասնելով 55-ի: Մինչդեռ 80-ից ավելի մարդու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, զոհվածներից 53-ի դիերը հայտնաբերվել են Թայնան քաղաքում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզված բարձրահարկ բնակելի շենքի փլատակների տակ։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Աղբյուրը մանրամասնում է, որ փլուզված 17- հարկանի շենքի կառուցումն իրականացրած Golden Dragon Building ընկերության ներկայացուցիչները ձերբակալվել են: Նրանք կասկածվում են շինությունն անորակ նյութերով կառուցելու և, ըստ այդմ, տասնյակ մարդկանց մահվան պատճառ դառնալու համար:
Ավելի վաղ The Daily Mail-ը հրապարակել էր մի շարք ուշագրավ կադրեր, որոնցում երևում էր, որ փլուզված շենքերի պատերը ներսի հատվածից կառուցված են եղել մետաղական դատարկ տարաներով:










