ԱՄՆ-ում 15-րդ անգամ մերժել են ազատ արձակել Ռոբերտ Քենեդիին սպանողին
Կալիֆոռնիական բանտում գտնվող, Ռոբերտ Քենեդիի սպանության համար ցմահ դատապարտված Սիրհան Սիրհանին 15-րդ անգամ մերժել են ազատ արձակել:
Հորդանանցի Սիրհանը, ով այժմ 71 տարեկան է, բավականաչափ զղջում չի դրսևորել և չի ընդունել իր հանցագործության ծանրությունը: Նման եզրահանգման են եկել համապատասխան հանձնաժողովի անդամները` կալանավորի հետ հանդիպման արդյունքների հիման վրա, որը տևել է ավելի քան 3 ժամ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռոբերտ Քենեդին 1968-ին առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: Կալիֆոռնիայում առաջնային ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական գործչի հանդեպ նույն թվականի հունիսի 6-ին հարձակում է իրականացվել «Ամբասադոր» հյուրանոցում. վերջինս մահացել է հրազենային վնասվածքների հետևանքով: Պատասխանատվությունը դրվել է Սիրհանի վրա, ով, սակայն, համառորեն վստահեցրել է, որ ոչինչի չի հիշում հիշողության կորստի պատճառով:
Կալանավորը վերջին տարիներն անցկացնում է ամբողջապես մեկուսացված: Պատճառը նրա հետ անվտանգության աշխատակիցների դաժան վերաբերմունքն է, որոնք ցանկանում էին վրեժ լուծել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո և սխալմամբ կարծել էին, որ մարդասպանը մուսուլման ծայրահեղական է։










