Վատիկանը խոստովանահայրերի հատուկ խումբ է ստեղծել՝ «լուրջ մեղքերի» թողության համար
Հռոմի կաթոլիկ եկեղեցու արտահերթ հոբելյանական տարվան նվիրված՝ իր առաքելությունն է սկսել մեղքերի թողության՝ ընդլայնված լիազորություններով հոգևորականների և վանահայրերի հատուկ ընտրված խումբը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ֆրանցիսկոս պապի կողմից անձամբ ընտրված 1100 «ողորմածության միսիոներները» տարվա ընթացքում կկարողանան մեղքերի թողություն տալ այնպիսի մեղքերի համար, որոնք սովորական ժամանակ կարող էր ներել միայն ինքը՝ Հռոմի պապը։
Այդ մեղքերի թվում են՝ խոստովանության գաղտնիքի խախտումը, սուրբ շնորհների սրբապղծումը և Հռոմի պապի սպանության փորձը։
Խոստովանահայրերը շրջելու են ողջ աշխարհով, նրանցից մեկը պատրաստվում է այցելել Ավստրալիա, մյուսը կայցելի կանադական Արկտիկայի էսկիմոսների համայնքը։
Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ արտահերթ Հոբելյանական տարվա ընթացքում, որը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին և կտևի մինչև 2016 թվականի նոյեմբերի 26-ը, բոլոր կաթոլիկ հոգևորականներին թույլ կտան հղիության արհեստական ընդհատման մեղքի թողություն տալ։
Հոբելյանական տարին ավանդաբար նշվում է յուրաքանչյուր 25 տարին մեկ, բայց Հռոմի պապը կարող է հոբելյանական տարի հայտարարել սահմանված կարգից դուրս։
Ողորմածության թեմային նվիրված արտահերթ Հոբելյանական տարի անցկացնելու որոշման մասին Ֆրանցիսկոս պապը հայտարարել է մարտին: Վերջին անգամ նման որոշում կայացրել է Հովհաննես Պողոս II-ը՝ 2000 թվականին։










