Ադրբեջանական դատարանն իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին թույլ չի տվել դուրս գալ երկրից
Յասամալի շրջանային դատարանում քննվել է իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դիմումը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նրանց փաստաբան Էլչին Սադըգովը հայտարարել է, որ դատարանը նրանց դիմումը չի բավարարել։ Փաստաբանի խոսքով՝ իրենք կբողոքարկեն դատարանի վճիռը։
Լեյլա և Արիֆ Յունուսները դիմել էին դատարան՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավորապես դուրս գալու թույլտվություն ստանալու համար։
Հայցում ներկայացվել էր բժշկափորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, նշվել է, որ Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկական հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով, ունի շաքարային դիաբետ, խոշոր քար լեղապարկում։ Բժիշկները կարծում են, որ անհրաժեշտ է շտապ հոսպիտալացնել հիվանդին ու վիրահատել։
Արիֆ Յունուսը 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիա ունի (240/120)։ Նա երկու անգամ կաթված է տարել, պարանոցի հատվածում ցավեր ունի։ Այս վիճակում նա ստացիոնար բուժման կարիք ունի։
Նշենք, որ Լեյլա և Արիֆ Յունուսները մեղադրվում էին խարդախությունների համար։
Համաձայն դատավճռի՝ Լեյլա Յունուսն ազատազրկվել էր 8 տարի 6 ամիս, իսկ Արիֆ Յունուսը՝ 7 տարի ժամկետով։ Ավելի ուշ նրանց խափանման միջոցը փոխվել էր ու ընտրվել էր ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։










