Ջորջ և Ամալ Քլունիները հանդիպել են Մերկելին՝ փախստականների խնդիրը քննարկելու համար
Դերասան Ջորջ Քլունին և նրա փաստաբան կինը՝ Ամալ Քլունին, առանձնազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Սիրիայում ճգնաժամը և փախստականներին օգնելու Եվրոպայի ջանքերը քննարկելու նպատակով, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դերասանը Բեռլին է այցելել հեղինակավոր կինոփառատոնում իր մասնակցությամբ նոր «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմը ներկայացնելու համար։ Նրան 40 րոպե տևած հանդիպմանն ուղեկցել է Բրիտանիայի նախկին արտգործնախարար, այժմ Միջազգային փրկության կոմիտեի ղեկավար Դևիդ Միլիբենդը։
Հանդիպումից հետո Միլիբենդն ասել է, որ նրանք քննարկել են, թե ինչ կարող են երկրներն անել լուծելու համար այդ «համաշխարհային խնդիրը, որը միայն սիրիական կամ գերմանական խնդիր չէ»։
Նա գովել է Մերկելին փախստականների հետ կապված ճգնաժամի ժամանակ ոչ միայն Եվրոպային, այլև ողջ աշխարհին «լավ օրինակ» ցույց տալու համար։










