Թուրքիայում արգելափակել են Էրդողանի հակառակորդի կայքը

16:25 • 12.02.16

Ամերիկաբնակ թուրք գործիչ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի համախոհ, իսկ այժմ հիմնական հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենի հայտարարությունները տարածող կայքը Թուրքիայում արգելափակվել է։

 

Ինչպես տեղեկացնում է Radikal պարբերականը, Ստամբուլի հանցագործությունների 7-րդ  դատարանը վճռել է փակել herkul.org կայքի հասանելիությունը։

 

Տեղեկությունը հաստատել է նաև կայքի խմբագիր Օսման Շիմշեքը՝ այդ մասին գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում։

 

«Դատարանի որոշմամբ herkul.org կայքն արգելափակվել է։ Մեր սրտերի միջև եղած կամուրջները, սակայն, քանդել չեն կարող...Աստված մեծ է»,-գրել է նա։

 

Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավորած շարժումը թուրքական իշխանություններն ահաբեկչական են որակում՝ պատճառաբանելով, որ «գյուլենականները» ցանկացել են Թուրքիայում պետական հեղաշրջում իրականացնել։
 

Թուրքիայում արգելափակել են Էրդողանի հակառակորդի կայքը