Մեդվեդևը կոչ է անում Արևմուտքին վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրոպա իր այցի նախաշեմին փոխզիջումների և արևմտյան պատժամիջոցների պատճառով տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման կոչ է հղել Արևմուտքին, հայտնում է Reuters-ը։
Սիրիայում կրակի դադարեցման մասին քննարկումների ֆոնին Մյունխենում անվտանգության հարցով համաժողովին Ռուսաստանը ներկայացնել պատրաստվող ՌԴ վարչապետը խոստացել է, որ Մոսկվան չի ձգտում «խաղալ ողջ աշխարհի ղեկավարի դերը»։
«Ես համոզված եմ, որ Ռուսասանը և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մեր գործընկերները ոչ թե պարզապես կարող են, այլ պարտավոր են վերականգնել համագործակցության նախկին ձևաչափերը»,- ասել է Մեդվեդևը «Спутник» պետական գործակալությանը տված հարցազրույցում։
Նախօրեին Ռուսաստանը Մյունխենում սկսել է քննարկել արևմտյան երկրների հետ Սիրիայում հրադադարի ռեժիմի պայմանները, չնայած չի համաձայնել դադարեցնել իր գործողությունը:
«Այժմ անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, այլ ոչ մրցել հավակնություններով։ Վերականգնել վստահությունը և վերադառնալ այն համատեղ նախաձեռնություններին, որոնք սառեցվել են: Միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, որը ժանտախտի նման տարածվում է աշխարհով մեկ»,- ասել է Մեդվեդևը հարցազրույցում:










