Ռուսական Սու-24-ի խոցման վերաբերյալ Սերժ Սարգսյանն արտահայտել է ՀԱՊԿ-ի ընդհանուր դիրքորոշումը. Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականը Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծչի խոցման վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ընդհանուր դիրքորոշումն էր:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով միջադեպի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հրապարակային միմյանց հակասող հայտարարություններին:
«Թուրքական ռազմական օդանավի կողմից Սիրիայի օդային տարածքում ռուսական Սու-24 ռմբակոծչի խոցման վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը հնչեցվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ղեկավարի կողմից դեկտեմբերի 21-ին կայացած նիստից հետո, որտեղ Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների այս հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը: Կարող եմ ասել, որ այն եղել է համաձայնեցված և Սերժ Սարգսյանն այն արել է ոչ թե իր անունից, այլ՝ բոլոր նախագահների: Սա է մեր երկրների դիրքորոշումը»- նշեց Ն. Բորդյուժան՝ ասելով, թե իրենց դիրքորոշումը հստակ է, ուստի, մեկնաբանել այն անիմաստ է:
«Բոլոր երկրները դատապարտում են ռուսական ռմբակոծչի խոցման փաստը»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Անդրադառնալով կազմակերպության քարտուղարի պաշտոնի ռոտացիոն կարգով Հայաստանին փոխանցելու որոշման հետաձգման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին՝ մասնավորապես կարծիքներին, թե Հայաստանն այս պաշտոնը չի ստանձնում ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության առումով, որպեսզի դա չդիտարկվի որպես քայլ ընդդեմ Թուրքիայի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ պատճառը զուտ կազմակերպչական բնույթ ունի:
«Ռոտացիայի վերաբերյալ որոշումը ընդունվել է: Այն ստորագրվել է պետությունների ղեկավարների կողմից: Կապված այն բանի հետ, որ առկա են ռոտացիայի օրակարգի ձևավորման հետ առնչվող կազմակերպչական խնդիրներ և այլ հարցեր, պայմանավորվել ենք, որ քարտուղարը կաշխատի ևս մեկ տարի, որպեսզի ապահովվի ռոտացիայի իրավասությունը ապահովվող բոլոր փաստաթղթերի ընդունումը: Դրանից հետո ՀՀ ներկայացուցիչը՝ որպես այս պաշտոնին հավակնող առաջին երկրի ներկայացուցիչ, կկարողանա բնականոն աշխատել»,- նշեց Ն. Բորդյուժան:










