Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր
Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանն անդրադարձ է արվել 2014թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ ՀՀ Նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ հիմք են երկկողմ հարաբերությունների զարգացումն առաջ մղելու համար: Քննարկվել են երկկողմ օրակարգի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
«Բանակցությունների օրակարգում էին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների փոխգործակցության սերտացման հարցեր:
Անդրադարձ արվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիներին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերի շուրջ, ընդգծվեց ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը»,–ասվում է հաղորդագրությունում։










