Նախագահը խոսել է ոչ թե կառավարության փոփոխությունների, այլ հայեցակարգային խնդիրների մասին. Է. Շարմազանով

19:56 • 12.02.16

ՀՀ քաղաքական ուժերի, գործադիր մարմնի ներկայացուցիչների, պետական կառավարման կառույցների ներկայացուցիչների ու այլ անձանց համար կազմակերպված ընդունելությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային-հայեցակարգային ելույթով:Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հրավիրյալների թվում էր:


«Ոչ միայն սահմանադրական փոփոխությունների, այլ Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների, առհասարակ, ծրագրային-հայեցակարգային ելույթով հանդես եկավ»,- նշեց ՀՀԿ խոսնակը:


Նա ընդգծեց, որ խոսք եղել ոչ թե կառավարության փոփոխությունների, այլ ավելի գլոբալ, հայեցակարգային խնդիրների մասին: Սկսած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից,  նոր Սահմանադրության իրողության պայմաններում  իշխող կուսակցության անելիքներից, թե ինչպիսին դառնալուն պետք է ձգտի Հայաստանը, վերջացրած պաշտոնյաների գործունեությունից, նրանց աշխատանքի արդյունավետությունից:


Նախագահական նստավայրից դուրս եկող բոլոր հրավիրյալները ի պատասխան հարցի, թե ինչ է քննարկվել է, խորհուրդ էին տալիս ծանոթանալ ՀՀ նախագահի ելույթին:


ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար  Դավիթ Հարությունյանն էլ, ի պատասխան հարցի, թե ինչ հիմնական ուղերձներ հղվեցին, ասաց. «Կարծում եմ՝ լավագույնը կարդալն է, որովհետև նախագահի ուղերձները բերանացի փոխանցելը մի քիչ...  Քննարկում չի եղել, եղել է Նախագահի խոսքը, իր տեսլականը՝ ինչպես են կյանքի կոչվելու սահմանադրական բարեփոխումները և ինչ առաջնահերթ խնդիրներ կան»։


«Առողջապահական հարցեր քննարկվեցի՞ն »,-լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց. «Չէ, անհոգ եղեք »։


Ի դեպ, նույն հարցը տրվեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ով ի տարբերություն, ոչինչ չասաց ու հեռացավ:
 

Նախագահը խոսել է ոչ թե կառավարության փոփոխությունների, այլ հայեցակարգային խնդիրների մասին. Է. Շարմազանով