Թուրքական դատարանը 24-ամյա լրագրողին դատապարտել է 28 ամսվա ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար

14:07 • 12.02.16

Թուրքիայի դատական իշխանությունները 24-ամյա լրագրող Հիլյալ Քալաֆաթին մեղավոր են ճանաչել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հաղորդում է «Դողան» գործակալությունը։

 

Քալաֆաթը դատապարտվել է 28 ամսվա ազատազրկման՝ պատժի կատարման հինգ տարվա հետաձգմամբ։

 

Աֆիոնքարահիսար քաղաքի ռադիոկայանում աշխատող լրագրողուհին 2015 թվականի մարտի 20-ին Facebook սոցցանցի իր էջում մի քանի հաղորդագրություն է տեղադրել, որոնցից մեկը պարունակել է, ըստ դատախազության, նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ: Որոշ ժամանակ անց Քալաֆաթը ջնջել է այդ հաղորդագրությունը, բայց քաղաքացիներից մեկը կառավարության պաշտոնական պորտալի միջոցով հասցրել է իշխանություններին տեղեկացնել խախտման մասին:

 

Դատարանում Քալաֆաթը հայտարարել է զղջման և չար դիտավորության բացակայության մասին: Դատարանն ի գիտություն է ընդունել այդ փաստարկները, բայց պատիժը մեղմել է միայն կատարման հետաձգմամբ: Եթե հինգ տարվա ընթացքում Քալաֆաթը նման խախտում թույլ տա՝ կուղարկվի բանտ:

 

Թուրքական դատարանը 24-ամյա լրագրողին դատապարտել է 28 ամսվա ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար