Փարիզի ահաբեկչությունների հաջորդ իսկ օրը մզկիթի վրա կրակ բացած ամերիկացուն մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

10:26 • 12.02.16

Մինչև 20 տարվա ազատազրկում և 250.000 դոլար տուգանք է սպառնում ամերիկացուն, ով կրակել է ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում գտնվող մզկիթի վրա` նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություների հաջորդ իսկ օրը։ 

 

48-ամյա Թեդ Հեկիի պատժամիջոցը կորոշվի մայիսի 10-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Մեղադրյալը խոստովանել է, որ 2015թ. նոյեմբերի 14-ին, իմանալով Փարիզի ահաբեկչությունների մասին, 4 անգամ կրակել է Մերիդեն քաղաքի մզկիթի վրա, որը գտնվում է իր տան դիմաց։

 

Հեկիին մեղադրանք է ներկայացվել ատելության հողի վրա այլ դավանանք ունեցող մարդկանց հանդեպ իրականացված հանցագործության, հրազեն օգտագործելու և կրոնական հաստատության գույքին վնաս հասցնելու համար:

 

Ամերիկացին կրակել է վաղ առավոտյան և ոչ ոքի չի վիրավորել: Մզկիթում այդ պահին մարդ չի եղել:

 

Հիշեցնենք, որ Փարիզում ահաբեկչություններն իրականացվել են նոյեմբերի 13-ին և ավելի քան 130 մարդու մահվան պատճառ դարձել:

 

 

Փարիզի ահաբեկչությունների հաջորդ իսկ օրը մզկիթի վրա կրակ բացած ամերիկացուն մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում