Ավստրալիայում ընթացիկ տարում 2-րդ հղի կինն է վարակվել Զիկա վիրուսով
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության նախարար Ջիլ Հենեսին հայտարարել է նոր` վերջին 2 օրվա ընթացքում Զիկա վիրուսով 2-րդ հղի կնոջ վարակման դեպքի մասին, գրում է Корреспондент-ը:
Նախարարը հայտնել է, որ հիվանդ կինը վերջերս է վերադարձել արտերկրից` չնշելով հատկապես, թե որ երկրից:
Հղի կնոջ վարակման առաջին դեպքը գրանցվել է 2 օր առաջ։ Վարակվածը եղել է Քուինսլենդ նահանգի մի բնակչուհի, ով նույնպես արտերկրից է ժամանել:
Ավստրալիայում ընթացիկ տարում հաստատվել է Զիկա վիրուսով վարակվելու արդեն 6-րդ դեպքը, 2014-ին և 2015-ին գրանցվել է 13 և 7 դեպք՝ համապատասխանաբար: Ընդ որում` բոլոր ավստրալացիները վարակվել են արտերկրում:
Վիկտորիա նահանգի առողջապահության նախարարը նշել է, որ ավստրալական հասարակության համար «ոչ մի սպառնալիք չկա»։










