Ռուսական պատժամիջոցների պատճառով Անթալիայի հնարավոր վնասը կարող է կազմել մինչև 9 մլրդ դոլար
Թուրքական Անթալիա նահանգում ռուսական պատժամիջոցների հասցրած վնասը կարող է հասնել 9 մլրդ դոլարի։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ասված է «Ռուսական պատժամիջոցների ազդեցությունն Անթալիայի վրա» վերնագրով զեկույցում, որը պատրաստել է նահանգի առտևրաարդյունաբերական պալատը։
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի հետ կապերն ապահովել են Անթալիայի շրջանային համախառն արդյունքի մեկ-երրորդը, իսկ գյուղատնտեսության ոլորտի՝ երկու-երրորդը։
Զեկույցը ներառում է տնտեսական վիճակի զարգացման չորս սցենար. լավատեսական, չափավոր լավատեսական, չափավոր հոռետեսական, հոռետեսական։
Առաջին՝ իրատեսական տարբերակը նախատեսում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտի արագ կարգավորում և Մոսկվայի կողմից պատժամիջոցների չեղարկում ու Սիրիայում հակամարտության ապասրացում։
Երկրորդ տարբերակը նախատեսում է ռուսական շուկայի կորուստ՝ 50 տոկոսի չափով, և մասնակի փոխհատուցում՝ այլ շուկաների հաշվին։ Նման դեպքում Անթալիայի տնտեսական վնասը գնահատվում է 1 մլրդ դոլար։
Չափավոր վատատեսական սցենարը նախատեսում է ռուսական շուկայի մոտ 90 տոկոսի կորուստ, այդ դեպքում տնտեսական վնասը գնահատվում է 3 մլրդ դոլար։
Ամենահոռետեսական զարգացման դեպքում Անթալիան լիովին կզրկվի ռուսական շուկայից և կբախվի ինչպես ՌԴ-ից, այնպես էլ Եվրոպայից զբոսաշրջիկների հոսքի զգալի նվազման խնդրին։ Այդ դեպքում վնասը կհասնի 8-9 մլրդ դոլարի, ասված է զեկույցում։
Անթալիայի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու համար, զեկույցի հեղինակներն առաջարկել են ապրիլին Անթալիայում անցկացվելիք «Էքսպո-2016»-ին հրավիրել Մադոննային, Ջասթին Բիբերին ու Ջենիֆեր Լոպեսին։
Առևտրաարդյունաբերական պալատում նաև առաջարկում են ներգրավել զբոսաշրջիկների այլ երկրներից՝ մասնավորապես Չինաստանից ու Հնդկաստանից։










