Մեդվեդևն արևմտյան գործընկերներին կոչ է արել «չսպառնալ Սիրիայում ցամաքային գործողություններով»

13:59 • 13.02.16

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արևմտյան գործընկերներին կոչ է արել «չվախեցնել Սիրիայում ցամաքային գործողությամբ»։

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նման հայտարարություն նա արել է Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում։

 

«Պետք չէ որևէ մեկին վախեցնել ցամաքային գործողություններով»,-ասել է նա։

 

Սիրիայի միասնական պետության անկումն ահաբեկիչների դեմ պայքարի արդյունքում աղետալի հետևանքներ կունենա ողջ Մերձավոր Արևելքի համար։

 

«Կարևոր է պահպանել միասնական սիրիական պետությունը, թույլ չտալ դրա անկումը։ Եվս մեկ Լիբիա, Եմեն կամ Աֆղանստան աշխարհը տանել չի կարող։ Նման սցենարի հետևանքներն աղետալի կլինեն ողջ Մերձավոր Արևելքի համար»,- հայտարարել է ռուս վարչապետը։

 

Նա հավելել է, որ Ռուսաստանն ապագայում ևս «կշարունակի աշխատել համատեղ խաղաղ նախաձեռնությունների իրականացման համար, որի այլընտրանքը գոյություն չունի»։ Նրա խոսքով՝ որոշակի հույս է ներշնչում Սիրիայի աջակցության միջազգային խմբի աշխատանքը, որի մասնակիցները նախօրեին որոշել են մի շարք գործողություններ՝ ներառյալ քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելն ու Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև հրադադարի հաստատումը։

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է սիրիական իշխանություններին երկրում «ցամաքային զորակազմի» հայտնվելու հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե երկրի իշխանությունները չկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները։

Հիշեցնենք, որ օրերս Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։

Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։

Մեդվեդևն արևմտյան գործընկերներին կոչ է արել «չսպառնալ Սիրիայում ցամաքային գործողություններով»