Կուբայում կայացել է Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի պատմական հանդիպումը. նրանք հանդես են եկել միջազգային հանրությանն ուղղված կոչով

10:09 • 13.02.16

Կուբայում կայացել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատմական հանդիպումը։

 

Դա եղել է իր տեսակի մեջ առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ 11-րդ դարում պառակտում առաջացավ քրիստոնեության ճյուղերի միջև։

 

Հավանայի օդանավակայանում մոտ 2 ժամ տևած հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել։ Հոգևոր առաջնորդները, մասնավորապես, կոչ են արել միջազգային հանրությանը կանխել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաների նկատմամբ խտրական վերաբերմունքը, նրանց հետապնդումը։

 

«Մեր եղբայրներն ու քույրերը բնաջնջվում են ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով։ Նրանց վանքերը ենթարկվում են բարբարոսական ոչնչացման, նրանց սրբավայրերը պղծվում են, հուշարձանները՝ ոչնչացվում»,- ասվում է հռչակագրում։

 

Հռոմի պապն ու ռուս պատրիարքը միջազգային հանրությանը կոչ են արել նաև համախմբել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, թույլ չտալ նոր համաշխարհային պատերազմ։

 

Հոգևոր առաջնորդները պայմանավորվածության են հասել դեպի 2 Եկեղեցիների սրբավայրեր կաթոլիկների և ուղղափառների համատեղ ուխտագնացությունների հարցում, գրում է Газета-ն: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի բաժնի ղեկավարը:

 

 

«Հանդիպման ընթացքում մենք խոսել ենք քրիստոնյաների ապագայի մասին, այն մասին` ինչպես զարգացնենք մեր համագործակցությունը, խոսել ենք համատեղ նախագծերի մասին, ուխտագնացների փոխանակման մասին, ուղղափառների ուխտագնացության մասին դեպի այն սրբավայրերը, որոնք գտնվում են Կաթոլիկ եկեղեցում, սրբերի մասունքների մոտ, կաթոլիկների` ուղղափառների սրբավայրեր ուխտագնացության վերաբերյալ»,- նշել է նա:

 

 

Կուբայում կայացել է Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի պատմական հանդիպումը. նրանք հանդես են եկել միջազգային հանրությանն ուղղված կոչով