Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 108-ի. փրկարարները շուրջօրյա ռեժիմով շարունակում են որոնումները

09:45 • 13.02.16

Թայվանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 108-ի։

 

Թայնան քաղաքում փլուզված շենքի փլատակների տակ է մնում 9 բնակիչ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի իշխանություններին: Փրկարարները շուրջօրյա ռեժիմով շարունակում են որոնումները` խոստովանելով, որ ողջ մնացածների հայտնաբերելու հույսեր գրեթե չեն մնացել: Վերջին ողջ մնացած մարդուն հաջողվել է դուրս բերել փլատակների տակից երկուշաբթի:

 

 

6.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել փետրվարի 6-ին և հանգեցրել է տասնյակ շինությունների փլուզմանը քաղաքի տարբեր շրջաններում: Փլուզվել է նաև 17-հարկանի բնակելի համալիրը: Գրեթե բոլոր զոհերն այդ շենքի բնակիչներ են: Իրավապահ մարմինները ձերբակալել են կառուցող ընկերության ղեկավարներին:

 

Իշխանությունների որոշմամբ` փետրվարի 15-ին, լուսնային օրացույցով Ամանորի տոնակատարություններից հետո, պետական բոլոր հաստատությունները կիջեցնեն դրոշները` ի նշան սգո: Զոհերի ընտանիքներին կվճարվի մոտ 30.000 դոլարի չափով փոխհատուցում։
 

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 108-ի. փրկարարները շուրջօրյա ռեժիմով շարունակում են որոնումները