Դաղստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կան զոհեր ու վիրավորներ

13:19 • 15.02.16

Դերբենտի շրջանի ոստիկանական անցակետում պայթած ավտոմեքենան մահապարտ ահաբեկիչ է վարել։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի։

 

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը կազմակերպել են այսպես կոչված՝ «հարավային խմբի» գրոհայինները։

 

Լրատվական գործակալության աղբյուրը հայտնել է ահաբեկչության հետևանքով չորս զոհի և հինգ վիրավորի մասին: ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ երկու մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկու զոհի և չորս վիրավորի մասին: Իսկ Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ վնասվածքներ են ստացել ինը մարդ, նրանցից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։

 

Դաղստանում ճանապարհային ոստիկանության անցակետում պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 15-ի առավոտյան՝ մոսկովյան ժամանակով ժամը 9-ի սահմաններում: «Լադա Պրիորա» ավտոմեքենան պայթել է, երբ ոստիկանները կանգնեցրել են այն՝ վարորդի փաստաթղթերը ստուգելու համար։

Դաղստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կան զոհեր ու վիրավորներ