Ճապոնիայի վարչապետը խոստովանել է, որ կնոջը շների համար նախատեսված սննդային հավելում է տվել

11:43 • 15.02.16

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում իր ելույթի ընթացքում պատմել է, թե ինչպես է սխալմամբ կնոջը շների համար նախատեսված բիոհավելում տվել, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Սինձո Աբեն պարզաբանել է, որ գնել է Ճապոնիայում հայտնի հակաօքսիդանտը՝ չկասկածելով, որ հենց նման արտադրանք կա նաև շների առողջության պահպանման համար։

 

«Մի անգամ կնոջս սեզամին եմ տվել: Նա ամբողջը խմեց, և հետո միայն մենք իմացանք, որ դա կենդանիների համար նախատեսված սեզամին էր»,-խոստովանել է վարչապետը։

 

Գործչի կինը Ճապոնիայում հայտնի է իր ճաշակով և նուրբ հումորով։


Վարչապետը չի հաղորդել շների համար նախատեսված նյութի համային հատկանիշների մասին:

 

Սեզամինը սննդային հավելում է, որը հակաօքսիդանտ հատկություններ ունի: Քունջութի սերմերից պատրաստված նյութն օգտագործվում է նյութափոխանակության, մաշկի մաքրության ու թարմության պահպանման համար։

Ճապոնիայի վարչապետը խոստովանել է, որ կնոջը շների համար նախատեսված սննդային հավելում է տվել