2015-ին արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 442 մարդ. Հովհաննես Խանգելդյան

13:23 • 15.02.16

 

2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է 15 003 արտակարգ դեպք և պատահար, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
 

«Գրանցվեց դեպքերով բավականին առատ տարի: Այդ դեպքերի հետևանքով զոհվել է 442 մարդ և տուժել 9226-ը»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը՝ հավելելով, որ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտակարգ դեպքերն աճել են 2927-ով (24,2 տոկոս):
 

Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը նշեց, որ դեպքերի մեծ թվով աչքի են ընկել տեխնածին արտակարգ պատահարները: Գրանցվել են նաև սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր:
 

«Զոհերի գերակշիռ մասը գրանցել ենք տեխնածին արտակարգ պատահարների հետևանքով` 386 զոհ ունեցանք, որից միայն 346-ը` ճանապարհատրանսպորտային պատահարներից»,-ընդգծեց Հովհաննես Խանգելդյանը:

 

Վերջինիս խոսքով՝ գրանցվել են նաև հրդեհների, թունավորումների հետ կապված դեպքեր:                                                                                                                                                                                                      

Հրդեհների առաջացման գործում, ըստ նրա, անշուշտ, մարդկային գործոնը մեծ դեր ունի, ինչի մասին է վկայում բնակելի շենքերում հրդեհների թվաքանակը:
 

«Ունեցել ենք 542 հրդեհ բնակելի հատվածներում, որից 181-ը բնակելի շենքերում, 361-ը՝ սեփական տներում: Չոր խոտածածկույթի այրումն էական դեր է խաղացել հրդեհների առաջացման հարցում, ինչն ավելի շատ էկոլոգիական և վնասի տեսանկյունից պետությանը վնաս հասցրեց:  4273 հրդեհ է եղել բուսածածկ տարածքներում: Այս ցուցանիշը 2,6 անգամ աճել է 2014 թվականի համեմատ»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, թե այստեղ մարդկային գործոնն այդքան ազդեցիկ չի եղել:

 

2015-ին արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 442 մարդ. Հովհաննես Խանգելդյան