Մենք Փարիզում պատրաստվող ահաբեկչությունների մասին տեղեկություն ենք ունեցել. ԿՀՎ ղեկավար

11:36 • 15.02.16

Լուսանկարը՝ AP-ի

 

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրենանը խոստովանել է, որ Փարիզում խաղաղ բնակիչների վրա հարձակումներից կարճ ժամանակ առաջ նրա գլխավորած գերատեսչությունը տեղեկություն է ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից խոշոր գործողություն նախապատրաստելու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ելույթ ունենալով CBS ամերիկյան հեռուստաալիքի եթերում՝ Բրենանը բացատրել է, որ հարձակումները չի հաջողվել կանխել կոնկրետության պակասի պատճառով։ Նրա խոսքով՝ ահաբեկչություններից ոչ շատ առաջ գրոհայիններն անցել են կապի նոր միջոցների, և ԿՀՎ-ն չի կարողացել որսալ ամենակարևոր բանակցությունները։

 

Փարիզում տեղի ունեցածը Բրենանն անվանել է «բոլոր հետախուզական ծառայությունների ձախողումը»։ Նա նշել է, որ հարձակումների գրեթե բոլոր մասնակիցները ֆրանսիացիներ են եղել, որոնք մեկնել են Սիրիայում իսլամիստների մարզման ճամբարներ, իսկ այնուհետև առանց խոչընդոտների հետ են վերադարձել։

 

Բրենանն ընդգծել է, որ հետախուզական ծառայություններին հաջողվել է կանխել գրոհայինների շատ այլ գործողություններ, սակայն Ֆրանսիայի օրինակը ցույց է տալիս, որ հետախուզությունը պետք է ավելի լավ աշխատի։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԿՀՎ ղեկավարը նախազգուշացրել է ԱՄՆ-ում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:

 

Հիշեցնենք, որ Փարիզում հարձակումների և պայթյունների շարքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի երեկոյան, որի հետևանքով մահացել է շուրջ 130 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

Մենք Փարիզում պատրաստվող ահաբեկչությունների մասին տեղեկություն ենք ունեցել. ԿՀՎ ղեկավար