Ներկայացվել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցի մանրամասները
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է նախագահներ Բարաք Օբամայի ու Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները, հայտնում է vz.ru-ն:
Նշվում է, որ երկու գերտերությունների ղեկավարների խոսակցության առանցքը եղել է սիրիական հակամարտությունն ու օրեր առաջ Մյունխենում Սիրիայի օգնության միջազգային խմբի կողմից ձեռքբերված համաձայնություններն ու պայմանավորվածությունները:
«Մասնավորապես նախագահ Օբաման նշել է, որ այժմ Ռուսաստանը պետք է կառուցողական քայլեր անի ու դադարեցնի Սիրիայի տարածքում իրականացվող ավիահարվածները: Բացի այդ առաջնորդները որոշել են համագործակցել սիրիական հարցի շուրջ»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Այնուհետև Պուտինն ու Օբաման քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը կոչ է արել իր ռուս գործընկերոջն իրագործել 1 տարի առաջ կնքված մինսկյան համաձայնությունները:
Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա առաջնային է համարել առանց երկակի ստանդարտների կիրառման միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծումը` ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսազրույցը կայացել է Օբամայի նախաձեռնությամբ:










