Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Սիրիայում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցության տակ գտնվող հիվանդանոցը
Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցության տակ գտնվող հիվանդանոցը, որը գտնվում էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում, հայտնում է BBC-ն։
Կազմակերպությունը հայտնել է, որ հարձակումից հետո անհետ կորել է անձնակազմի ութ անդամ, բայց չի հստակեցրել, թե ով է պատասխանատու հարձակման համար։
Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային խումբը հայտնել է, որ առնվազն ինը մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել և որ քաղաքը թիրախ է եղել ռուսական օդուժի համար։
Հարվածից օրեր առաջ Ռուսաստանը և այլ գերտերություններ համաձայնել էին սահմանափակել ռազմական գործողությունները Սիրիայում:
Կազմակերպությունը նշել է, որ երկուշաբթի առավոտյան րոպեների տարբերությամբ չորս հրթիռ է հարվածել Իդլիբ քաղաքից 30 կիլոմետր հարավ ընկած և ապստամբների հսկողության տակ գտնվող Մաարաթ ալ-Նուման քաղաքի հիվանդանոցին:
«Սա կարծես դիտավորյալ հարձակում է առողջապահական կառույցի վրա, և մենք խստորեն դատապարտում ենք դա: Հիվանդանոցի ավերումը հակամարտության ակտիվ գոտում գտնվող մոտ 40 հազարանոց բնակչությանը թողնում է առանց բժշկական ծառայությունների»,- ասել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Սիրիայի առաքելության ղեկավար Մասիմիլիանո Ռեբաուդենգոն։










