Էթիկայի հանձնաժողովի նախագահը հերքում է, թե ԱԱԾ տնօրենը հայտարարագրված գույք չունի
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի կողմից հայտարարագրված ունեցվածքի մասին մամուլի հրապարակումները՝ հերքելով լուրերը, թե ԱԱԾ տնօրենը հայտարարագրած գույք չունի։ Միաժամանակ Սիրանուշ Սահակյանը հորդորում է լրագրողներին ճիշտ օգտվել էթիկայի հանձնաժողովի տվյալներից։
««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա բարձրաստիճան պաշտոնատար անձինք ներկայացնում են ինչպես տարեկան, այնպես էլ պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագրեր: Նշված հայտարարագրերում ներկայացվող տվյալները և դրանց ծավալը նույնական չեն: Եթե պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագրում բարձրաստիճան պաշտոնատար անձը ներկայացնում է տվյալներ այն անշարժ կամ շարժական գույքի վերաբերյալ, որն առկա է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ, ապա տարեկան հայտարարագրերում արտացոլվում են տվյալներ այն անշարժ կամ շարժական գույքի վերաբերյալ, որն օտարվել կամ ձեռք է բերվել տվյալ տարում:
Գ. Կուտոյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ներկայացրել է տարեկան հայտարարագրեր 2011-2014 թվականների համար, որոնցում կարող էին արտացոլվել բացառապես նշված տարիների ընթացքում ձեռք բերված գույքի վերաբերյալ տվյալները:
Նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հայտարարագրի ներկայացման համար օրենքով սահմանված է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվան հաջորդող 15 օրյա ժամկետ, որը դեռևս չի լրացել:
Գ. Կուտոյանի 2013 թվականի տարեկան հայտարարագրում արտացոլված են տվյալներ «բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ գույքը» բաժնում, որոնք հրապարակված են ՀՀ կառավարության 15 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1835-Ն որոշմամբ սահմանված՝ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկին համապատասխան»,- մասնավորապես նշեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:










