Պատրաստ եմ ստանձնել ՄԻՊ-ի առաքելությունը. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ԱԺ Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների հետ:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի՞նչ առաջարկներ եք ստացել Դաշնակցության հետ հանդիպման ժամանակ, ի՞նչն է կարևորվել, Արման Թաթոյանը նշեց, որ քննարկել են նոր Սահմանադրության կարգավորումների համատեքստում՝ ինչպիսին պետք է լինի պաշտպանի ծավալած աշխատանքը և ընդհանրապես ինչպիսին պետք է լինի օմբուդսմենի դերը:
«Դուք գիտեք, որ հանձնաժողովում ևս քննարկվեց գործառույթների հստակ ձևակերպված իրականացման հարցեր, հայեցակարգային հարցեր՝ ինչ սկզբունքների վրա պետք է լինեն և այլն: Կարևորում եմ քննարկումը, քանի որ հիմնական շեշտադրումը դրված է եղել անհատական ու կանխարգելիչ գործունեության տեսակները զուգակցելու սկզբունքների, կառուցողական աշխատելու սկզբունքների վրա: Ես սա համարում եմ շատ իրավացի, ես ինքս էլ եմ այդ սկզբունքների կողմնակիցը և շնորհակալ եմ, որ այդ հարցը բարձրացվեց և ևս մեկ անգամ ընդգծվեց»,- ասաց Արման Թաթոյանը:
Թե ե՞րբ կլինեն հանդիպումներ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ, ՄԻՊ թեկնածուն դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հարցը դեռ քննարկման փուլում է: «Ենթադրում եմ, որ վաղը տեղի կունենա: Որքան գիտեմ ՕԵԿ-ի ու «Ժառանգության» հետ կա նախնական պայմանավորվածություն հանդիպելու, իսկ ՀԱԿ-ի մասով՝ տեղեկություն չունեմ»,- նշեց նա:
Հարցին՝ անհանգստացած չէ՞, որ նախորդ ՄԻՊ-ի օրինակով էլ իր վրա ճնշումներ կգործադրվեն, Թաթոյանը պատասխանեց. «Այդ բարդությունները հասկանում եմ, գիտակցում եմ և այո, պատրաստ եմ ստանձնել այս առաքելությունը՝ հասկանով, որ բարդություններ կլինեն: Բայց ներկայացնում եմ այնպիսի սկզբունքներ, որ կարծում եմ, որ դրանք իրացնելու դեպքում արդյունավետ գործունեություն կծավալեմ»:










