Սաակաշվիլին առաջարկել է դադարեցնել ԱՄՀ-ի հետ Ուկրաինայի համագործակցությունը

14:17 • 16.02.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դեմ է հանդես եկել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Ուկրաինայի համագործակցությանը։ Այդ մասին նա հայտարարել է «Эра ФМ» ռադիոյի եթերում, գրում է korrespondent.net-ը։

 

«Որքան շատ մենք ոչինչ չանենք, այնքան շատ նրանք (ԱՄՀ-ն) մեր առաջ պայմաններ կդնեն: Մեզ համար կատարյալ վիճակ կլինի այն, որ ԱՄՀ-ն ընդհանրապես այստեղ չլինի։ Վրաստանում մենք ԱՄՀ-ն հեռացրինք մեկ տարի անց: Ազատվեցինք: Եվ իմ նախագահության տարիները ես անցկացրել եմ առանց որևէ ԱՄՀ-ի: Հաշվետվու չեմ եղել Լագարդին (կառույցի ղեկավարը- Խմբ.)»,- նշել է Սաակաշվիլին:

 

Նա նաև ԱՄՀ-ն համեմատել է վիրաբույժի հետ: «Քո մատներին վիրակապ է անհրաժեշտ, նա ասում է՝ ինչի՞ վիրակապ, արի ամբողջ ձեռքդ կտրենք, որ էլ չտանջվենք ու ռիսկի չդիմենք»,- հավելել է Սաակաշվիլին:

 

Ավելի ուշ Facebook-ի իր էջում Սաակաշվիլին մեկնաբանել է իր խոսքերը. «Տեղեկատվական գործակալություններն ակնհայտորեն շուռ են տվել իմ խոսքերը: Եթե ես ստիպված լինեմ ընտրել առանց որևէ վերահսկողության գործող տեղի ավազակների և ԱՄՀ-ի կողմից վերահսկողության միջև, ես միանշանակ կընտրեմ ԱՄՀ-ն, բայց պետք  է ձգտել նրան, որ մեզ չղեկավարեն ավազակները, տնտեսությունն աճի, և այդ ժամանակ ԱՄՀ-ի ծրագրերն այլևս հարկավոր չեն լինի»։

 

Սաակաշվիլին առաջարկել է դադարեցնել ԱՄՀ-ի հետ Ուկրաինայի համագործակցությունը