Դրամապանակի գողություն՝ երևանյան հիվանդանոցներից մեկում (լուսանկարներ)

15:17 • 16.02.16

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հիվանդանոցից գողություն կատարած անձի ինքնությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2015 թվականի դեկտեմբերի 25-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը հիվանդանոցի առաջին հարկում բռնակից կախված պայուսակից հափշտակել է դրամապանակ, որտեղ եղել է կանխիկ գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր՝ պատճառելով քաղաքացուն զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է մի անծանոթ երիտասարդ, ով մուտք է գործել հիվանդանոցի նշված տարածք։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ նրա ինքնությունը պարզելու և  հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարներում  պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

 

Դրամապանակի գողություն՝ երևանյան հիվանդանոցներից մեկում (լուսանկարներ)