Յանուկովիչի զբոսանավը նկատել են Թուրքիայի ափերի մոտ
Թուրքիայի ափերի մոտ նկատվել է BANDIDO զբոսանավը, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, նշվում է, որ շքեղ զբոսանավը ոչ միայն չեն կալանել իրավապահները, այլև այն սեփականատիրոջը կայուն եկամուտ է ապահովում։
BANDIDO զբոսանավը ստեղծվել է Յանուկովիչի որդու պատվերով և արժեցել է մոտ 6 մլն եվրո։ Յանուկովիչի նախագահության շրջանում նավը Ղրիմի մոտակայքում է գտնվել, սակայն մոտ կես տարի առաջ այն կորել է ռադարներից։
Ավելի ուշ լրագրողներին հաջողվել է գտնել BANDIDO-ն, սակայն ոչ թե Ղրիմում, այլ Թուրքիայի ափերի մոտ։ Ավելին, այն այժմ կարող է վարձակալել ցանկացած ոք։
Միջազգային ընկերություններն առաջարկում են ոսկեզօծ, կաշվով, թանկարժեք փայտից ու աքսեսուարներով պատրաստված նախագահական զբոսանավով շրջագայություն պատվիրել օրական 9000 եվրո, կամ շաբաթը 40 հազար եվրո արժեքով։
Տարօրինակ է այն փաստը, որ իմանալով Յանուկովիչի զբոսանավի տեղը՝ դատախազությունը չի շտապում դրա նկատմամբ կալանք սահմանել։










