Երևանում ծեծի են ենթարկել LGBT երկու ակտիվիստի ու համայնքի ներկայացուցչի
Փետրվարի 15-ի երեկոյան Երևանում անհայտ անձինք ծեծի են ենթարկել LGBT երկու ակտիվիստի և LGBT համայնքի ներկայացուցչի: Tert.am-ի հետ զրույցում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարծիք» հասարակական կազմակերպության (Pink Armenia) նախագահ Մամիկոն Հովսեփյանը հայտնեց, որ երիտասարդների վրա հարձակվողները հավանաբար կասկածել են, որ նրանցից մեկը նույնասեռական է:
«Նրանց թիրախը հիմնականում մեկն է եղել, բայց քանի որ մյուսները կողքից փորձել են պաշտպանել, նրանց էլ են խփել, նրանք էլ թեթև հարվածի տակ են ընկել: Ուղղակի քայլում էին, տուն էին գնում ու պարզ չէ, թե ինչու են հարձակվել, խփել»,- փոխանցեց Մամիկոն Հովսեփյանը՝ նշելով, որ տուժողը մարմնական ծանր վնասվածքներ չի ստացել:
Նա նաև ասաց, որ այդ ընթացքում ակտիվիստների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, վիրավորել՝ կապված տղայի սեռական կողմնորոշման հետ:
«Ամենայն հավանականությամբ, ենթադրել են, որ տղան նույնասեռական է, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ծեծել»,- նշեց Հովսեփյանը:
ՀԿ նախագահի խոսքով՝ կատարվածի վերաբերյալ տուժողները դիմում են ներկայացրել ոստիկանություն, որտեղ դիմումին ընթացք են տվել: Սակայն Ոստիկանությունից Tert.am-ին ասացին, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն հայտնել չեն կարող, քանի որ հայտնի չեն տուժողների անուն-ազգանունները, որովհետև նմանատիպ միջադեպեր կարող են լինել:










